Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի 1-ը, հունիսի 17-ին լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
«Մինչեւ հուլիսի 1-ը պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման: Այդ մասին արդեն հայտարարություններ արվել են, այդ թվում նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում: Ես առայժմ հավելելու ոչինչ չունեմ»,- հայտարարել է Քոչարյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ նշվել էր, որ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստ կլինի մինչեւ հունիսի 15-ը: Մայիսի վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, որ ստորագրման հստակ ամսաթիվը վճռորոշ նշանակություն չունի եւ ժամանակի հարց է:




























