Երեւանի՝ եվրասիական ու Թբիլիսիի եվրոպական ուղղությունն անխուսափելիորեն արտացոլվելու է ընդհանուր շուկայի իրավիճակի վրա: Հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով, Հայաստանը Վրաստանի առեւտրային գործընկերների շարքում 5-8-րդ տեղն է զբաղեցնում, եւ Եվրասիական միությանը Երեւանի անդամակցությունը հարված է հասցնելու վրացական ավտոդիլլերներին: «Ավտոմեքենաների վերաարտահանումը վրացական արտահանման ընդհանուր ծավալում մեծ տեղ է զբաղեցնում, սակայն ներկայում շուկայի այդ հատվածը ճգնաժամ է ապրում: Թբիլիսին արդեն կորցրել է Ղազախստանի եւ Ադրբեջանի շուկաները»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ ավտոմոբիլային բիզնեսում շուրջ 50 հազար մարդ է ներգրավված:
Բացի այդ, փորձագետի հավաստմամբ, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կա, որը վերանայելու անհրաժեշտություն է առաջանալու: «Չնայած երկու պետությունները տարբեր ուղի են ընտրել, նրանք փորձելու են համագործակցության նոր ձեւեր գտնել»,- ընդգծեց Մելիքյանը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ հունիսի 18-19-ը կայանալու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Վրաստան:
Նշենք, որ հունիսի 27-ին Վրաստանը Բրյուսելում ծրագրում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Սպասվում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին կմիանա մինչեւ հունիսի 30-ը:





























