Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող «Etihad Airways» ավիաընկերության ղեկավարությունը Հայաստանի համար նոր գործադիր տնօրեն է նշանակել Ռոբերտ Դուգլասին: Վերջինը Հայաստանում վաճառքի եւ մարքեթինգի գծով ավիաընկերության գործերը կառավարելու է Երեւանի իր նոր գրասենյակից: Այս մասին գրում է «Arabian Aerospace» պարբերականը:

2014 թվականի հուլիսի 2-ից «Etihad Airways»-ը պատրաստվում է շաբաթական 4 չվերթ իրականացնել Աբու Դաբիի եւ Երեւանի միջեւ: Իսկ Դուգլասն ավիացիոն ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունի եւ մինչեւ 2005 թվականին «Etihad Airways» տեղափոխվելն ավելի քան 10 երկրներում աշխատել է «British Airways» եւ այլ ավիաընկերություններում:

Նա Երեւան է ժամանելու Ջակարտայից, որտեղ Ինդոնեզիայի համար «Etihad Airways»-ի գլխավոր կառավարիչն է եղել 2007-2014 թվականներին: Ավելի վաղ Դուգլասը Նյու Դելիում գործող գրասենյակում ավիաընկերության մենեջերն է եղել Հյուսիսային Հնդկաստանի եւ Նեպալի համար: