«Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս չի հստակեցրել իր դիրքորումը կուտակային կենսաթոշակների հարցում: Կուսակցության մամուլի քարտուղար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասաց, որ խմբակցության այսօրվա նիստում, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվել է նաեւ այդ հարցը:
«Մենք առայժմ չենք տեսել օրինագիծը: Վաղն այն կլինի խորհրդարանում, մենք կվերլուծենք եւ եզրակացություն կկազմենք: Մեր առջեւ փաստաթուղթը չտեսնելով՝ չենք կարող որեւէ հստակ բան հայտարարել»,- նշեց Ուրիխանյանը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները ժամանակավորապես դադարեցնում են պարտադիր կուտակային վճարումները: Նոր օրինագիծը քննարկվելու է հունիսի 18-ին նախանշված Հայաստանի կառավարության արտահերթ նիստում:





























