Աֆրիկյաննների շենքի ապամոնտաժման դեմ պայքարող ավելի քան 50 ակտիվիստներ այսօր՝ հունիսի 17-ին, երեկոյան խաղաղ իրազեկման երթ անցկացրին՝ ի պաշտպանություն Աֆրիկյաննների ակումբի շենքի:

«Իրազեկում ենք, որ այսօր արդեն սկսել են շենքի ապամոնտաժման հարցերը, եւ մարդկանց կոչ էինք անում, որ միանան մեզ եւ թույլ չտան, որպեսզի այս շենքը քանդվի: Վտանգն արդեն մոտ է եւ մարդկանց պետք է միանան, որպեսզի հասկանանք արդյունքի: Մեր նախաձեռնությանը հիմնականում միանում են երիտասարդները, մենք իրազեկում ենք անցկացնում, որպեսզի միանան նաեւ մեծահասակները»,- NEWS.am-ի թղթակցին ասաց այսօր առավոտյան շենքի մոտից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին միացել էին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Շենքի ապամոնտաժման դեմ պայքարողները շրջեցին Երեւանի կենտրոնով, մի քանի րոպե կանգնեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չքանդել հուշարձանը:

«Մենք ամեն օր փորձելու ենք միջոցառումներ կազմակերպել, որպեսզի ավելի շատ մարդ տեղյակ լինի այս խնդրին, հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք հավատում են Հին Երեւան վիրտուալ ծրագրին, ի վերջո կհասկանան, որ հուշարձանն իր տեղում է հուշարձան: Սա լեգո չի, որ այստեղից հանեն, տեղափոխեն այլ տեղ: Այստեղ եղել են Թումանյանը, Չարենցը, Իսահակյանը, եւ միայն այն, որ այս մարդիկ այստեղ այցելել են, պետք է չքանդել այն»,- ասաց Գրիգոր Ղազարյանը:

Բացի երթից՝ ակտիվիստները նաեւ բուսական ուտեստներ են պատրաստել Աֆրիկյանների շենքի մոտ:

Նշենք, որ իրազեկման երթերը շարունակական են լինելու, հունիսի 18-ին ակտիվիստները շենքի մոտ հետեւելու են աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։