Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունը այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Սերժ Սարգսյանը:
«Որեւէ մեկը կա՞, որ ասի՝ այդ մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ո´չ: Ճշմարտություն է նաեւ այն, որ Հայաստանն ունի առանձնահատուկ հարաբերություններ երկրորդ Հայաստանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի եւ շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները եւս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից»,-ասել է նա:
Անդրադառնալով Մաքսային միության սահմաններում ապրանքների ներմուծման բարձր դրույքաչափերին, որի հետեւանքով շատ ապրանքատեսակների մաքսատուրքեր կարող են բարձրանալ, երբ Հայաստանը ՄՄ անդամ դառնա, Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբերություններ կան, բայց դրանք հսկայական չեն: «Զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակի համար, ենթադրենք՝ մեքենաների ներմուծման մասով. ակնհայտ է, որ ՄՄ անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք՝ ավելի քիչ: Բայց այդ դրույքաչափերի կիրառումը անպայման հետաձգվելու է 5-10 տարով: Ավտոմեքենաների ներմուծման հարցը զգայուն հարց է, մենք խնդրել ենք ժամանակ, խնրանքը հարգվել է, եւ մենք ունենալու ենք նվազագույնը՝ 5 տարի ժամանակ: Այդ ժամանակում կադապտացվենք: Այդպես՝ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում»,-ասել է նա:





























