ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարության մասին դրույթը: Համապատասխան  որոշումը հրապարակել է  կառավարության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Կովկասի նախարարությունը գործադիր իշխանության դաշնային մարմին է, որն իրականացնում է պետական իշխանության գործառույթները՝ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ դրա տարածքում պետական եւ դաշնային նպատակային ծրագրերի իրականացումը համակարգելու ոլորտում», — ասվում է կառավարության կայքում:

Նոր նախարարությունը պատասխանատու է լինելու Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում ներդրումներ ներգրավելու նպատակով պայմաններ ստեղծելու համար, այն նաեւ միջոցներ պետք է ձեռնարկի շրջանի տարածքում մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար: