Պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռն անտեսվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Վերջապես մամուլում հստակ տեղեկատվություն հրապարակվեց "Կուտակային կենսաթոշակների մասին" կառավարության առաջարկած փոփոխությունների մասով։ Քանի որ այսօր գիշերվանից միառժամանակ բացակայելու եմ քաղաքից, կարևորում եմ մարդկանց հայտնելու իմ կարծիքը։ Այն նախնական է այնքանով, որքանով ճիշտ են մամուլում հրապարակած տվյալները: Ըստ էության պետական աշխատողների մասով մնում է նախկին օրենքը։ Պարզապես «պարտադիր կուտակային վճար» բառերը փոխարինվում են «նպատակային սոցիալական վճար» բառերով։ Սահմանադրական դատարանի վճիռն անտեսվում է։ 2017թ հուլիսի 1-ից այս նույն փոփոխությունները կգործեն արդեն բոլորի նկատմամբ։ Այսպիսով, այս պահի դրությամբ պայքարը ոչնչի չի հասել։

1. Հետաձգվել են մասնավոր հատվածում աշխատողների վճարները։

2. Վճարումների չափը սահմանափակվել է 500 000 դրամով։

3.Վճարման բեռը ընկնում է երիտասարդների ուսերին (մինչդեռ մարդիկ հակված են խնայելու ավելի բարձր տարիքում)։

4. Փողերը 45 տարով տանելու են (45 տարի հետո, կներեք կամ ...ը կսատկի կա ....տերը)։

5. Հայաստանը զրկվում է զարգացման ռեսուրսներից։

Ցավալի է, մի հատ սրիկա քար էր քցել փոսը, իսկ մյուսները չեն կարողանում կամ չեն ուզում այն հանել»: