Պատմամշակութային վայրերում «փարթիներ» կազմակերպելը կօգնի տվյալ հուշարձանի վարկաբեկմանը, ոչ թե հանրահռչակմանն ու գովազդմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանում ցանկացած հուշարձանի տարածքը կարելի է փակել մի քանի հարյուր հազար դրամով եւ այնտեղ կազմակերպել խնջույք:

«Նորմալ բան չէ: Օրինակ երկրից երկիր մարդ է եկել սահմանափակ օրերով, հատուկ գրաֆիկով, որ այսօր կլինեմ Գառնիում, վաղը Զվարթնոցում, եւ պատկերացրեք այդ մարդկանց հոգեվիճակը, երբ պարզեն, որ այս հուշարձանը փակ է, քանի որ քեֆ են անում եւ իրեն էլ թույլ չեն տալիս: Նորմալ չի, ի՞նչ ասեմ: Չէի էլ լսել, որ նման բան կա աշխարհում»,- ասաց նա:

Հուշարձանագետը համոզված է, որ նման «օրենքը» միայն կվարկաբեկի հուշարձանին, գովազդի եւ հանրահռչակման մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:

«Նույն զբոսաշրջիկները կգնան իրենց երկրներն ու կասեն, որ չկարողացան Հայաստանում հուշարձան տեսնել, քանի որ այնտեղ քեֆ էր եւ թույլ չտվեցին»,- ավելացրեց Սամվել Կարապետյանը:

Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս հարցով պետք է ուղղակիորեն դիմել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

«Հիմա բունտ անելը սխալ է, օրինակ այսօր միջոցառում կենտրոնական բանկը, ներկա են լինելու աշխարհի ամենահայտնի բանկերի ներկայացուցիչներ, կարիք չկա գնալ այնտեղ ու բունտ անել: Այդ մասով ես մտավախություն չունեմ, սակայն ինչ կատարվել է Զվարթնոցում, իսկապես ահավոր է: Անպայման պետք է դիմել մշակույթի նախարարին, հասկանալ, թե ինչու է նման բան կատարվում: Այնուհետեւ արդեն պետք է առաջարկենք, որ հատուկ օրենք մշակվի, քանի որ այս պահին այս ամենին վերաբերվող օրենք չկա»,- ասաց Լիա Բախշինյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին կայցելի Հասմիկ Պողոսյանին՝ իրավիճակը հասկանալու համար:

Նշենք, որ կենտրոնական բանկն այսօր ժամը 17:00-ից, փակելու է Գառնիի տաճարի տարածքը՝ մշակույթի նախարարությանը դրա դիմաց վճարել ավելի քան 1 մլն դրամ:

Հիշեցնենք, որ շատ օգտատերեր իրենց ֆեսյբուքյան էջերում գրառումներ էին կատարել՝ հայտնելով, որ իրենք տեսել են, թե ինչպես են Զվարթնոցում կիսամերկ ռուսներ պտտվում, իսկ պատճառն անցկացվելիք խնջույքն է եղել: