Իրաքի հարավային մասում գտնվողն հանքավայրերում աշխատող խոշոր օտարերկրյա նավթային ընկերությունները տարհանում են իրենց աշխատակիցներին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրաքյան «Շաֆաք» թերթը:
Ըստ այդմ, ընկերությունների ղեկավարները մտահոգություն ունեն, որ իրենց օտարերկրացի աշխատակիցները կարող են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների թիրախ դառնալ, որոնք ձգտում են զավթել իշխանությունն Իրաքում:
Ավելի վաղ ծայրահեղականները գրոհել էին երկրում խոշորագույն նավթարդյունահանող գործարանը Բայջի քաղաքում:
Հիշեցնենք, որ Իրաքում իրավիճակը կտրուկ վատթարացել է հունիսի սկզբին, երբ ԻԳԻԼ-ի գրոհայինները գրավեցին Մոսուլ եւ Թիգրիթ քաղաքները եւ հայտարարեցին Բաղդադ արշավելու իրենց մտադրության մասին: Իրաքի զինվորականները փախել են այդ քաղաքներից, նրանցից շատերը գերի են ընկել եւ սպանվել:





























