Կուտակային կենսաթոշակների մասին կառավարության առաջարկած օրենքի նոր նախագծում ոչինչ չի փոխվել. պարտադիր կուտակային վճարը դարձել է սոցիալական վճար։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը։ Նա նշեց, որ չի կարելի ընդունել մի օրինագիծ, որի մասին անգամ ԱԺ պատգամավորները տեղյակ չեն. սա ցույց է տալիս, որ այս կառավարության գործունեությունը նախորդից ոչնչով չի տարբերվում։
«Առաջարկվող փոփոխություններով խտրականություն է դրվում մարդկանց միջեւ՝ պետական կառույցների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների միջեւ»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօր հատկապես «զարհուրելի» վիճակի մեջ են պետական համակարգի աշխատողները։
«Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում պետական հիմնարկներից, հատկապես հիվանդանոցներից եւ դպրոցներից։ Բայց մենք չենք կարող նրանց օգնել, մինչեւ իրենք ոտքի չկանգնեն»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը։
Սեւակ Ծատուրյանը նշեց, որ իրենք համոզված են՝ տվյալ օրենքով կշարունակվի հարկային բեռի ավելացումը. «Պետական աշխատողներից հետո նրանք կտարածեն այդ օրենքը նաեւ մասնավոր սեկտորի վրա, եւ դա կանեն առանձին-առանձին, որպեսզի բողոքի ալիքն ուժգին չլինի։ Նրանք մեր տված հարկերով աշխատավարձ են ստանում, ու նման օրենքներ են ընդունում»։
«ԴԵՄ ԵՄ»-ի անդամները նշեցին, որ իրենք չեն պատաստվում քաղաքականության մեջ մտնել, քանի որ դա կնշանակեր քաղաքական պաշտոնների ակնկալում։ Նրանք շարունակելու են մնալ քաղաքացիական շարժում։
«Եթե հանկարծ կառավարության նախագիծը ստանա օրենքի ուժ, դա կնշանակի, որ իրենց այսքան ժամանակվա պայքարն անիմաստ է եղել։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք նման բան թույլ չտալու համար. անգամ կդիմենք միջազգային ատյաններին»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ այսօր ժամը 12:00-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստին քննարկվելու են մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն։ Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ երեք տարի ժամկետում ներդնել կամավոր համակարգ՝ փուլային եղանակով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:





























