Հայաստանի խորհրդարանի պատգամավորները դեռեւս չեն ստացել կուտակային կենսաթոշակների օրինագծի նոր փաթեթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց խորհրդարան եկած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Այսօր մեկնարկած նստաշրջանն արտահերթ է: Կանոնակարգը չի նախատեսում, որ օրինագծերը նախապես փոխանցվեն հանձնաժողովներում քննարկման»,- ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով, ինքն այսօր հանդիպելու է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ եւ քննարկելու է այս օրինագծերը:
Հիշեցնենք, որ նոր օրինագծում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները, ըստ էության, չեն փոխվել, դրանք ընդամենը վերածվել են պարտադիր սոցիալականի: Վճարումներն արդեն փոխանցվելու են ոչ թե գանձապետական հաշվին՝ մասնավոր ընկերությունների կառավարմանը. նախապես դրանք մտնելու են բյուջե: Հետագա ամբողջ ճանապարհը չի փոխված, բայց շղթայում բյուջեի օղակը ձեւականորեն թույլ է տալիս պահպանել Սահմանադրական դատարանի պահանջը: Ապրիլի 2-ին ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել քաղաքացիների կամքին հակառակ պարտադիր վճարումները: Սակայն բյուջե վճարումների վրա (հարկեր եւ սոցվճարներ) այդ արգելքը չի կարող տարածվել: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ Կառավարությունը կառուցել է նոր օրինագծերը:





























