Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 18-ին իր աշխատանքն է սկսել «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների վեցերորդ համագումարը, որին մասնակցում են 93 միաբաններից 75-ը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված միաբաններին հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը կարեւորեց համագումարի անցկացումը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եւ անդրադարձավ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած աղետալի կորուստներին, որի պատճառով 1.5 միլիոն հայություն մահվան դատապարտվեց, հայրենազրկվեց ազգը, կործանվեցին հազարավոր եկեղեցիներ, ոչնչացվեցին ազգային-մշակութային արժեքներ, խանգարվեց եկեղեցական ու ազգային կյանքը: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակությամբ հաստատեց, որ հակառակ այդ ոճրագործության հայ ժողովուրդն առ Աստված ապավինությամբ, հավատով եւ հույսով ամենուր լծվեց իր կյանքի վերակերտմանը, համախմբվեց ազգային, եկեղեցական կառույցների շուրջ, արդար քրտինքով, տառապանքով դրեց իր անկախ պետականության հիմքերը:

Այս համատեքստում անդրադառնալով հայ եկեղեցականի առաքելությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես նշեց. «Բազում են դժվարությունները, մեր ժողովրդի, պետության ու Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրները, սակայն մենք` որպես Քրիստոսին հավատացող ժողովուրդ, գիտենք հեռու վանել մեզանից վհատությունն ու թերահավատությունը, գիտենք հավատքով ու հույսով դիմագրավել բոլոր դժվարություններն ու փորձությունները: Եվ այս առաքելությունը ծանրացած է հայ եկեղեցականի ուսերին՝ ոգի ներշնչելու  դժվարությունների մեջ մեր ժողովրդին, լավատեսություն պարգեւելու, գոտեպնդելու, հավատքի հույսի լույսով շողացող ճանապարհների վրա առաջնորդելու մեր ժողովրդի զավակների կյանքը»:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, հաջողություն մաղթելով համագումարի աշխատանքին, վստահությամբ նշեց, որ անդրադարձը Հայոց Ցեղասպանության ավելի պիտի զորացնի միաբաններին` լավագույնս տեսնելու ուղիղ եւ ճշմարիտ ճանապարհը հայ եկեղեցականի առաքելության ազգային կյանքից ներս, եւ առավել կխանդավառի իրականացնելու իրենց հովվական ծառայության վեհ ու աստվածահաճո գործը»,- ասվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ: