«Բանդայի գործով» դատական նիստին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 18-ին, ավարտվեց ապացույցների հետազոտումը, հաջորդ դատական նիստին՝ հունիսի 25-ին, կհետազոտվի «Բանդայի գործով» մեղադրյալ Արտուշ Հակոբյանի՝ այսօր դատարանին ներկայացրած լազերային սկավառակը, որտեղ, ըստ նրա, կան փաստեր, որ կապացուցեն իր անմեղությունը:
Դատական նիստի ընթացքում Արտուշ Հակոբյանի սկանդալային հայտարարությունից հետո պաշտպան Հովիւկ Արսենյանը դատարանից պահանջեց, որպեսզի արգելանքը հանվի այն բնակարաններից, շինություններից, որոնք չեն հանդիսանում իր պաշտպանյալի սեփականությունը, մասնավորապես՝ Մայակովսկու գյուղի արտադրամասի, Գառնի գյուղում «Սուրիկի լավաշ» արտադրամասի եւ մի շարք այլ հաստատությունների վրայից:
Դատախազ Խաչատրյանը հրապարակեց գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի եւ Արման Դալլաքյանի մեզի նմուշի փորձաքննության արդյունքները, որոնցում հայտնաբերվել են թմրանյութի ալկալոիդներ:
Փաստաբան Արսենյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ Արամ Աշոտի Հայրապետյանին բերման ենթարկելու վերաբերյալ քննիչի արձանագրության վրա, որտեղ չի երեւում, թե որտեղից են նրան բերման ենթարկել:
Արսենյանը զարմանք հայտնեց, թե «ինչպես Արամ Հայրապետյանը պլստաց բանդայի գործից», այն դեպքում, երբ նրա մոտ էլ բերման ենթարկելուց հետո հայտնաբերել էին 1 գրամ հաշիշ, եւ դատարանին տեղեկացրեց, որ միջնորդելու է, որպեսզի նրան հետագայում դատարան հրավիրեն, քանի որ 2011թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը նա եղել է Ամառանոցային 20 հասցեում, որտեղից ոստիկանները առգրավել են բազմաթիվ զենքեր, եւ այն համարվում է հանցավոր հավաքատեղի:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։




























