«Պահպանե´նք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները այսօր՝ հունիսի18-ին, երկրորդ անընդմեջ օրը, բողոքի խաղաղ երթ անցակցրեցին Երեւանում։ Մոտ 100 քաղաքացիներ բարձրախոսով ու թմբուկներով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ մարդկանց կոչ արեցին միանալ իրենց եւ պայքարել, որպեսզի ԱՖրիկյանների շենքը, որն ունի մոտ 130 տարվա պատմություն, չապամոնտաժվի:
Խաղաղ երթի մասնակիցները շրջում էին շապիկներով, որոնց վրա գրված էր «Պահպանե´նք Աֆրիկանների շենքը» եւ պարզել էին պաստառներ՝ «Մի քանդեք մեր քաղաքը», «Մի ոչնչացրեք մեր հուշարձանը» «ՍՈՍ» գրություններով:
«Այսօր մենք անցկացրեցինք նաեւ ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի ցուցահանդեսը, սա շարժական ցուցահանդես էր, մենք մեր ձեռքին պահեցինք նրա լուսանկարները եւ շրջեցինք փողոցներով, այդ լուսանկարներում Աֆրիկյանների շենքն է»,- NEWS.am-ին ասաց երթի մասնակից Գրիգոր Ղազարյանը:
Կենտրոնական փողոցներով շրջող մոտ 100 քաղաքացիների երթը հսկում էին ոստիկանները, երթն անցավ առանց բախումների:
Նշենք, որ իրազեկման երթերը շարունակական են լինելու, հունիսի 19-ին ակտիվիստները շենքի մոտ պատրաստվում են կինոդիտում կազմակերպել:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։

Լուսանկարները՝ Անահիտ Միքայելյանի




























