Համաշխարհային տնտեսությունը կարծես դուրս է եկել ճգնաժամից եւ սա իր ազդեցությունը թողնում է Հայաստանի տնտեսության վրա:

Այսօր` հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, սակայն, որ թեեւ Հայաստանում 4 ամսվա տվյալներով գրանցվել է տպավորիչ աճ՝ 7,2 տոկոս, սակայն դա այն աճը չէ, որը պայմանավորված է կառավարության կողմից վարվող քաղաքականությամբ, այլ բացառապես արտաքին գործոններով է պայմանավորված:

Այդ արտաքին գործոնների շարքում Բ. Ասատրյանը նշեց այն փաստը, որ միջազգային շուկայում արդեն տեւական ժամանակ է մետաղների, մասնավորապես՝ պղնձի գները կտրուկ աճ են արձանագրել: «Պղնձի գինը երբեք այսքան տեւական ժամանակով բարձր ցուցանիշ չի արձանագրել: Իսկ Հայաստանի տնտեսական աճը 70 տոկոսով պայմանավորված է հենց հանքարդյունաբերության ոլորտի աճով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հենց դրանով է պայմանավորված, որ արդյունքում մի քանի հոգի հարստանում են, իսկ հասարակ ժողովուրդը գրանցվող աճը իր վրա չի զգում: «Նման աճը պասիվ աճ է, հուսալի չէ, եւ դա մտահոգիչ է»,- նկատեց ԿԲ նախկին նախագահը:

Մյուս արտաքին գործոնը, որով պայմանավորված է Հայաստանում գրանցվող տնտեսական աճը, դա, ըստ Բ. Ասատրյանի, այն է, որ եռամսյակի կտրվածքով արտաքին տրանսֆերտների առումով վիճակը շտկվել է: Այսինքն եթե հունվարին արտաքին տրանսֆերտների ցուցանիշով կար 25 տոկոս անկում, ապա եռամսյակի կտրվածքով գրանցվել է աճ: