«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված Մյասնիկ Հայրապետյանին երկրորդ անգամ են վիրահատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
«Երեկ՝ հունիսի 18-ին, Մյասնիկին երկրորդ անգամ են վիրահատել՝ կոնքազդրային հոդը, վիրահատությունը նորմալ է անցել, այժմ հիվանդասենյակում է, հետվիրահատական փուլում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դեռ վաղ է դուրսգրման խոսելը: Անդրադառնալով մյուս վիրավորին՝ Վալերի Հովհաննիսյանին, Ալեքսանդրա Հարությունյանը նշեց, որ նա դեռ հիվանդանոցում է եւ դժվար թե այս շաբաթ դուրս գրվի:
Նշենք, որ Մյասնիկ Հայրապետյանը դեպքի օրը «Վերնիսաժ» էր գնացել շուն գնելու, երբ իր վրա կրակել են: Բժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Հարազատները մեր թղթակցին ասել էին, որ Մյասնիկին բուժելու համար արտասահմանից բժիշկ էին հրավիրելու:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ ըստ փաստաբանների՝ երկարատեւ բուժման կարիք ունի։





























