Հայաստանը այլեւս չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ: Այդ մասին հունիսի 19-ի մամուլի ասուլիսին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանի՝ որպես ԵՏՀ հիմնադիր-անդամի ապագա կարգավիճակի մասին նշվել էր նաեւ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ: Սակայն նրա համոզմամբ՝ թեեւ Հայաստանը Միության հիմնադիր-անդամներից մեկը չի լինելու, այն պահից, երբ կլինի ԵՏՀ-ի անդամ-երկիր, դա ոչ մի լուրջ նշանակություն չի կարող ունենալ:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով, անդրադառնալով ԵՏՀ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությանը, Սերգեյ Մինասյանը նշեց, որ մոտ ապագայում հավանական չի համարվում Ադրբեջանի մասնակցությունը այդ կազմակերպությանը:
«Մի կողմից պետք է հասկանալ, որ Ադրբեջանը նավթային փողերի հաշվին ինքնաբավ երկիր է, իսկ մյուս կողմից, ԵՏՀ-ին Ադրբեջանի անդամակցությունը Բաքվի համար լուրջ քաղաքական մարտահրավեր է, քանի որ ինչպես ԵՏՀ-ի ներկայիս անդամները, այնպես էլ Հայաստանն ու Ղրղզստանը ՀԱՊԿ-ի անդամ-պետություններ են», - ընդգծեց քաղաքագետը: Ադրբեջանը, նրա խոսքով, ՀԱՊԿ-ի անդամ չէ եւ չի էլ կարող լինել: «Ադրբեջանը նաեւ ոչ մի կերպ չի ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ինչպես նաեւ սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ»:
Հետեւապես, Ադրբեջանը առավելագույնս փորձում է չեզոք մնալ այդ գործընթացում՝ միաժամանակ խնդիրներ ստեղծելով ինչպես ԵՏՀ Հայաստանի միացման, այնպես էլ այդ կազմակերպությունում մեր երկրի հետագա գործունեության ճանապարհին, ինչպես երկար տարիների ընթացքում դա փորձում է անել մնացած այլ միջազգային կազմակերպություններում եւ ձեւաչափերում», - եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























