Հայ գործարարները, մասնավորապես իշխանությունների ներկայացուցիչները, դեռ նախորդ տարիներին են Վրաստանում ներդրումներ կատարել, եւ դա ոչ մի կապ չունի Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հունիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո հայ գործարարները կարող են ներդրումներ կատարել Վրաստանում

«Դեռ 2009-2010 թվականներին, երբ Վրաստանը լավ պայմաններ առաջարկեց, բազմաթիվ հայ գործարարներն իրենց մանր եւ միջին բիզնեսը տեղափոխեցին այնտեղ: Սա նշանակում է, որ դա ոչ մի կապ չունի Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու-չստորագրելու հետ, ուղղակի կային գրավիչ պայմաններ բիզնեսի համար, իսկ մեծ մասամբ դրսում ներդրումներ կատարում են իշխանության ներկայացուցիչները»,- ասաց նա:

Արմեն Բադալյանը համոզված է, որ հարեւան երկրում ներդրումներ կատարելը հայ գործարարների համար ձեռնտու տարբերակ է, քանի որ այնտեղ պայմաններն են լավ. «Վրաստանը կնքում է Ասոցացման պայմանագիր, ինչն էլ նշանակում է, որ այնտեղ պայմաններն ավելի լավը կլինեն, իսկ հայերն էլ իրենց բիզնեսը կտեղափոխեն այնտեղ»:

Հարցին՝ եթե Ասոցացման համաձայնագիրն ըստ Սերժ Սարգսյանի լայն հնարավորություններ կտա հայ գործարարներին, ինչու հենց մենք այն չստորագրեցինք այն՝ փորձագետը պատասխանեց. «Մենք այնպիսի քաղաքականություն վարեցինք, որ Ռուսաստանը կանչեց մեզ ու այլ տարբերակ չթողեց, որպեսզի հրաժարվենք մեր արտաքին քաղաքականությունից եւ մտնենք Մաքսային միություն: Ամեն դեպքում պետք է մի բան հասկանալ, որ միությունները մեծ հաշվով երկրի տնտեսության զարգացման հետ կապ չունեն: Վրաստանը մինչեւ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը, իր տնտեսությունը զարգացրեց, վերացրեց կոռուպցիան, իսկ Հայաստանը ոչինչ չի անում: Այս մասին պետք է մտածել առաջնահերթ»:

Նշենք, որ Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում եւ հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»: