Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչներ` ՎԶԵԲ-ի քաղաքային եւ բնապահպանական ենթակառուցվածքների տնօրենի տեղակալ տիկին Լին օ Գրեդիի, ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն` Մարկ Դեւիսի, ՎԶԵԲ-ի այլ ներկայացուցիչների եւ նախարարության աշխատակազմի պատասխանատու մասնագետների հետ:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխնախարար Ա. Ղուլարյանը ողջունելով հյուրերին կարեւորեց ծրագրի դերը եւ պատրաստակամություն հայտնեց հետագա արդյունավետ համագործակցության համար: «Քաղաքաշինության նախարարությունը կարեւորում է ծրագրի դերն ու նշանակությունը եւ մենք համոզված ենք, որ Ձեր փորձի ներդրումն ու իրագործումը Հայաստանում կլինի արդյունավետ»,- իր խոսքում նշեց Ա. Ղուլարյանը:

Տիկին Լին օ Գրեդին նշեց, որ ՎԶԵԲ-ի աշխատանքային խումբը նպատակ ունի վերանայելու կատարած ուսումնասիրությունները, համաձայնեցնել ՀՀ կառավարության եւ ծրագրի կողմ հանդիսացող համայնքների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ծրագրի արդյունավետ իրականացման եւ ռազմավարական որոշումներ կայացնելու նպատակով «ծրագրի կառավարման խորհրդի» ստեղծման հարցը:

Հանդիպման ավարտին տիկին Լին օ Գրեդին հայտնեց, որ եւս մեկ անգամ նախարարության քննարկմանը կներկայացվի խմբի ծրագրային առաջարկը, որի քննարկումից եւ ուսումնասիրությունից հետո կսկսվեն համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

Տեղեկացնենք, որ նախատեսվում է համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ: