Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին եւ հատկապես այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առեւտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»:

Վրաստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ «Հերոսների» հրապարակ եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնում:

Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան: