Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարեւորել է ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը եւ ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի եւ քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:

Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը հաջողությամբ համագործակցելու համար եւ տեղեկացրել, որ այժմ շարունակվում են աշխատանքները մեր երկրի եւ ԱԶԲ-ի միջեւ իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ:

Միաժամանակ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարողականից եւ նշել, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման ծրագրեր իրականացնել նաեւ Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ մասնավոր հատվածի համար: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաեւ տեխնիկական օժանդակություն:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին եւ համատեղ այլ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: