Հայաստանի խորհրդարանը քննարկել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքը՝ գործարքներն օֆշոր տեղափոխելու դեմ: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի շրջանակում հունիսի 19-ին օրինագիծը ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Օրենքը կարգավորելու է վերահսկվող գործարքների հարկումը, որով կորպորացիան կարող է միջոցները փոխանցել ավելի ցածր հարկեր սահմանող երկրներ եւ արհեստականորեն կրճատել եկամտահարկը: Վերահսկվող գործարքների իրական արժեքը որոշելու համար ՀՀ Ֆինանսների նախարարությունն իրավասու կլինի կիրառել «մեկնած ձեռքի» սկզբունքը, այսինքն՝ վերահսկվող գործարքի պայմանները համեմատել նմանատիպ գործարքի հետ ազատ շուկայի պայմաններում: Գործարքի իջեցված արժեքի պարագայում հարկային մարմիններն իրավունք են ստանում ավելի շատ հարկ գանձել:

Հարկային մարմինների վերահսկողության տակ կհայտնվեն խոշոր ձեռնարկությունների գործարքները՝ նախորդ տարվա հաշվետվությունների տվյալներով 1 մլրդ դրամից ավելի շրջանառությամբ կամ զուտ ակտիվներով, կամ այն ընկերությունները, որոնք նախորդ տարի 1 մլրդ դրամով (շուրջ 2.4 մլն դոլար) մասնակցել են վերահսկվող գործարքի: Եվ, վերջապես, վերահսկվելու են լեռնահանքային ընկերությունների գործարքները, որոնք մետաղական հանքեր են շահագործում (անկախ ֆինանսական ցուցանիշներից): Նշենք, որ Հայաստանի խոշորագույն լեռնահանքային արդյունաբերական ընկերություններն արտասահմանյան ձեռնարկությունների դուստր կազմակերպություններ են:

Վերահսկվող գործարքներ են համարվելու ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ գործարքները (որպեսզի կանխվի եկամտահարկի արտահոսքն արտերկիր), ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի հետ գործարքները (որպեսզի կանխվի նրա հարկային արտոնությունների չարաշահումը), եւ այն դեպքում, եթե փոխգործակցող կողմերից մեկը լեռնահանքային ընկերություն է: Վերջապես, վերահսկվող է համարվելու օֆշորային գոտու ընկերության հետ գործարքը՝ անկախ փորգործակցությունից:

Ընկերությունները կարող են ինքնուրույն հաշվել վերահսկվող գործարքներից հարկերը եւ հարկային ծառայության հաշվետվությունը ներկայացնել Ֆինանսների նախարարություն: Հնարավոր կլինի նաեւ հայտարարագիր ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ: Բացի այդ, ընկերությունները կկարողանան դիմել հարկային մարմիններ՝ խնդրելով իրենց տրամադրել այն չափանիշները, որոնցով պետք է ստուգվի իրենց վերահսկվող գործարքների գնային համարժեքությունը: