Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Յունիբանկը սկսել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ISO 27001 սերտիֆիկացումը կնպաստի բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի ռացիոնալացմանը, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման եւ վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը, ինչպես նաեւ աշխատակիցների որակավորման բարձրացմանը:

Գործընթացն իրականացվում է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերությունը մասնագիտացված է սերտիֆիկացման, արդյունաբերական աուդիտի, տեխնիկական զննման եւ վերահսկողության, որակի, անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության ստանդարտների համատասխանության գնահատման ոլորտներում:

Ինչպես նշեց “Բյուրո Վերիտաս” ընկերության տարածքային տնօրեն Ստեփան Բարաքյանը, Յունիբանկն արդեն հաջողությամբ անցել է դիագնոստիկ աուդիտը, որն անհրաժեշտ էր նշված ստանդարտին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգի ներդրման համար:

Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը եւս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության եւ տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ: Նշենք նաեւ, որ սերիտիֆիկատը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

“Տեղեկատվական անվտանգության մենեջմենթի համակարգի հիմքում բիզնես ռիսկերի կառավարումն է, որի նպատակը  տեղեկատվական անվտանգության մոնիթորինգի եւ վերլուծության բարելավումն է: Այն կնպաստի նաեւ արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչմանը: Այս ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում բոլոր բիզնես գործընթացներում, ինչը համահունչ է բանկի առաջնահերթություններին”, - ասում է Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Յունիբանկի գործունեության հիմքում հաճախորդների սպասարկման գործընթացի բոլոր փուլերում տեղեկատվական անվտանգության ապահովումն է: 2013թ.-ին բանկը  հաջողությամբ անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան: Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը` «Դիջիտալ Սեքյուրիթի»-ին: