Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին եւ «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԲԸ տնօրեն Անատոլի Իսայկինին:

Trend-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը նշել է երկու երկրների միջեւ համագործակցության ամրացմանն ու փոխադարձ վստահությանն ուղղված գործունեության արդյունավետությունը՝ հատուկ ընդգծելով երկու պետությունների ավանդը տարածաշրջանային անվտանգության համատեքստում:

Անդրադառնալով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին, նախարարը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային կայունության հիմնական սպառնալիքն է: Ռուս հյուրերը, իրենց հերթին երախտագիտություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել տարբեր ոլորտներում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության լայն հեռանկարների առկայությունը: Դրան հետեւել է ռազմատեխնիկական եւ փոխադարձ հետաքրքրության ոլորտներում ռուս-ադրբեջանական կապերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

Նշենք, որ Ռուսաստանը, լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ պետություն, այդուհանդերձ, պարբերաբար զենք է մատակարարում երկու երկրներին: