Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում Կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառումը գրականագետ Դավիթ Գասպարյանը համարում է «պախարակելի» երեւույթ, որտեղ, սակայն, մտավորականությունը կարող է միայն իր դժգոհությունը հայտնել, իսկ վերահսկողություն պետք է իրականացնի պետությունը։

«Ինչպե՞ս կարելի է սրբավայրերի մոտ այդպիսի պիղծ պահվածք ցուցաբերել։ Այդ նույն է, որ  Աստվածամոր տաճարը փակեն, և այնտեղ  ինչ-որ միջոցառում կազմակերպեն, դրանից մեծ խայտառակություն չի կարող լինել»,- այսօր՝ հունիսի 19-ին լրագրողներին ասաց Դավիթ Գասպարյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատեց, որ Գառնիում կարելի է միայն մշակութային միջոցառումներ կազմակերպվել, այն էլ՝ առավոտյան ժամերին, որպեսզի զբոսաշրջիկներին չխանգարեն տեսնել պատմամշակութային հուշարձանը։ Ճարտարապետի խոսքով՝ այսօր մշակույթն ամենախոցելի ոլորտն է Հայաստանում։

«Այսօր մենք ականատես ենք եղել հուշարձանների նկատմամբ անհասկանալի վերաբերմունքի։ Պետական և շահագրգռված օղակները պետք է ուշադրություն դարձնեն խնդրին և ամեն ինչ իրականցվող վանդալիզմը դադարեցնելու համար»,- ասաց Սաշուր Քալաշյանը։

Նշենք, որ Կենտրոնական բանկը Հարավարեւելյան եվրոպական բանկերի համաժողովի շրջանակում հունիսի 18-ին Գառնիում կորպորատիվ միջոցառում անցկացնելու թույլտվություն էր ստացել է մշակույթի նախարարությունից՝ վճարելով ավելի քան 1 մլն դրամ: Միջոցառումը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում։