Պետությունն այլեւս միակողմանի կուտակային կենսաթոշակային վճարումներ չի կատարելու: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից:

Նրա խոսքով, նոր համակարգը նախատեսելու է մասնակիցների միայն երկու կարգավիճակ. նրանք, ովքեր կուտակային վճարումներ են կատարելու եւ պետությունից հավելավճար են ստանալու, եւ նրանք, ովքեր ընդհանրապես չեն մասնակցում համակարգին: «Որքան պարզ լինի տվյալների բազան, այնքան ավելի արդյունավետ կաշխատի»,- հայտարարել է Ասատրյանը:

Հիշեցնենք, որ երբ հունվարի վերջին Սահմանադրական դատարանն աշխատանքային որոշում ընդունեց՝ փաստացի պարտադիր կուտակային համակարգը վերածելով կամավորի (այս կարգավիճակն ամրագրվեց ՍԴ ապրիլի 2-ի որոշմամբ), պետությունը հայտարարեց, որ ամեն դեպքում կատարելու է հավելավճարի իր մասի (աշխատավարձի 5%-ը) քաղաքացիների 5%-անոց կուտակային վճարումները, եթե անգամ նրանք չվճարեն:

Սակայն հուլիսի 1-ին պետությունը դադարելու է միակողմանի կարգով վճարել: Նախարարի խոսքով, նախկինում վճարված գումարները, սակայն, մնալու են քաղաքացիների կուտակային հաշիվներին: