Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ՀՀԿ-ականները քառյակի 12 կետերի մասին իրենց դիրքորոշումը փոխեցին մի քանի պատճառներով:
NEWS.am-ի հետ զրույցում փորձագետը հայտնեց, որ ըստ երեւույթին՝ Սերժ Սարգսյանը որոշել է չընդունել քառյակի եւ ոչ մի պահանջը՝ ելնելով մի քանի խնդիրներից:
«Այստեղ երեք տարբերակ կարող է լինել: Առաջին՝ կուսակցության անդամները չեն իմացել, թե Սերժ Սարգսյանն ինչ կարծիք ունի այս 12 կետերի մասին, քանի որ դրանք այնքան էլ բացասական չեն: Կա երկրորդ տեսակետ, որ քանի որ նախագահի կողմից ընդունելի չէ, որ քառյակի եւ նոր վարչապետի միջեւ ինչ-որ փոխադարձ համաձայնություն լինի, Հովիկ Աբրահամյանի դիրքերը կամրապնդվեն, դրա համար կոշտ արտահայտվեցին: Երրորդ տարբերակն էլ այն է, որ իշխանությունները ցանկանում են ընդդիմադիրների հավաքը մոտեցնեն, որպեսզի այդ փաստն օգտագործվի արտաքին քաղաքականության համար»,- ասաց նա:
Նշենք, որ իշխող կուսակցության անդամները սկզբում հայտարարում էին, որ կան կետեր, որոնց հետ համաձայն են: Ավելի ուշ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, թե ոչ մի կետն էլ ընդունելի չէ: Օրեր անց նման տեսակետ հայտնեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:
Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:





























