Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ պատմամշակութային հուշարձաններում վերջին օրերին «փարթիներ» են անցկացվել: NEWS.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը նշեց, որ այդ մասին մեզնից է իմանում:

«Ես անձամբ չեմ իմանում նման բաներ լինում են, թե ոչ, Ձեզանից եմ իմանում: Ամեն դեպքում վատ եմ վերաբերվում նման խնջույքների անցկացմանը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե համացանցն արդեն ողողված է այդ «փարթիների» լուսանկարներով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը պատասխանեց. «Ես համացանցից չեմ օգտվում: Անկեղծ ասած տեղյակ չեմ»:

Նշենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: