Երեկ ձեզ մի հարց էի ուզում տալ, Դուք գիշերը լա՞վ եք քնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթի նիստում,  կուտակային կենսաթոշակային նոր օրենքի փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին նշել է ՀՅ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Դուք իսկապես գտնում եք, որ «պարտադիր կուտակային վճար» բառակապակցությունը փոխենք «նպատակային սոցիալական վճար» բառակապակցությամբ, դրանից պարունակությունը փոխվո՞ւմ է»,-հարցրել է Մինասյանը:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանն արձագանքել է. «Հանգիստ քնելու հետ կապված` երեկվա ու այսօրվա միջև տարբերություն չկա, որ երեկ ուզում էիք դա հարցնել, իսկ այսօր` ոչ: Մեր աշխատանքն օրական 8-10 ժամ է տևում, և իսկապես դժվար է լինում դրանից հետո չլուծված խնդիրների պարագայում հանգիստ քուն ունենալ, դա հաստատ»: նա նաեւ հավելել է, որ պարտադիր կուտակային վճարի և սոցիալական նպատակային վճարի միջև տարբերությունները կան: «Եթե Դուք ցանկություն չունեք այդ տարբերությունները տեսնելու, բնականաբար, չեք տեսնի: Պարտադիր կուտակային վճարը պահվում էր` առանց պետբյուջե փոխանցելու, գնում էր ակտիվները կառավարողներին, իսկ նպատակային սոցիալական վճարը պետբյուջե է կատարվում և, սահմանադրաիրավական տեսանկյունից, իհարկե, համապատասխանում է, և այն հստակ նպատակ ունի` ապահովել պետության համամասնակցությամբ կենսաթոշակը»:

Անդրադառնալով սոցիալականներաշխիքների թեմային, Արծվիկ Մինասյանն ասել է. «Սոցիալական նպատակային վճարը մենք ակնհայտորեն սոցիալական երաշխիք կտեսնեինք, եթե դա լիներ կամավոր, այլ ոչ թե հուլիսի 1-ից բարձրացող աշխատավարձերի ենթատեքստում դա ընկալվեր: Բացի այդ, Արդարադատության նախարարը պետք է օրենքի վերաբերյալ տար եզրակացություն: Եթե տվել է, ապա տվեք տեսնեմ»:

Նախարարնե էլ խոստացավ լրացուցիչ ներկայացնել օրինագծի եզրակացությունը: