Երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին, դրանց փոփոխմանը, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու խնդրի քննարկումն այսօր՝ հունիսի 20-ին, դարձել է բուռն քննարկումների առիթ:
Ինչպես հայտնում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրել է, որ բարձրացված հարցերը քննարկվել են ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի համապատասխան ենթահանձնաժողովում, որի ներկայացուցիչները նաեւ մասնակցել են այդ հարցերի վերաբերյալ այլ կառույցների կողմից կազմակերպված տարբեր քննարկումների:
ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի կարծիքով՝ քաղաքացիների հաշիվների վրա արգելանք դնելը լուրջ խնդիր է իրավունքի տեսանկյունից, քանի որ օրենքով նախատեսված չէ արգելանք դնել ողջ հաշվի վրա, այլ մատնանշված է տուգանքի չափը: Նրա կարծիքով՝ կա համաչափության խնդիր, եւ պետք է հանրային ու մասնավոր շահը հավասարակշռված լինի: Մինչդեռ, այս դեպքում, հանրային շահը տուժում է՝ հանուն մասնավորի: Ըստ նրա, իրավական խնդիր է նաեւ այն, որ քաղաքացին, փաստորեն, հնարավորություն չունի իրեն վերաբերող խնդիրը դատական կարգով վիճարկել: Հնչել է տեսակետ, որ օրենքը, որով ԴԱՀԿ ծառայությունն իրականացնում է այդ գործընթացը, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:
Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» խնդրին, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարեւորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորեց նաեւ այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
Վերջին շրջանում հանրությանը հուզող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը նույնպես ներառված էր ՀԽ օրակարգում: ՀԽ անդամ Արշակ Սադոյանը ներկայացրեց օրեր առաջ ՀԽ համապատասխան հանձնաժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ տեղեկացնելով, որ ՀԽ հանձնաժողովի առաջարկներն ուղարկվել են ՀԾԿՀ:
Առաջարկներից մեկն էլ այն է, որպեսզի ՀԾԿՀ-ն իր վերջնական որոշման մեջ ամրագրի, որ սակագնի բարձրացումը ժամանակավոր է, քանի որ, ըստ ներկայացված հիմնավորումների, ծախսերի մի մասը, որի պատճառով տեղի է ունենալու թանկացումը, ժամանակի ընթացքում մարվելու է, հետեւաբար, հնարավորություն է լինելու նաեւ սակագինը վերանայելու:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է Ազգային ժողովում հարցի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին եւ ներկայացրել է առաջարկներ, որոնցից մեկն էլ վերաբերում է "Երեւան ՋԷԿ-ի" երկրորդ էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությանը: Ըստ Սաֆարյանի՝ դա հնարավորություն կտա Հայաստանում էապես նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը: ՀԽ անդամները բարձրացրեցին նաեւ էներգետիկայի ոլորտում անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտությունը:




























