ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունն անտեսում է հասարակության պահանջներն ու փորձում ընդունել կուտակային կենսաթոշակների մասին օրինագիծը, որը կազմելիս հաշվի չի առնվել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի կայացրած որոշումը: Այս մասին հայտնում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը:
Կուտակայինի դեմ պայքարող ակտիվիստները տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:
Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարեւորագույն նշանակություն ունեցող եւ նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:
Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային եւ հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձեւակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական եւ հակամարդկային նոր օրենքի ընդունումից»:
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է նոր օրենքը:
Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով՝ գումարվել է ԱԺ արտահերթ նիստ: Նիստին քննարկվելու են մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն։ Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ երեք տարի ժամկետում ներդնել կամավոր համակարգ՝ փուլային եղանակով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:





























