Մոսկվան զարմացած է Ուկրաինայի հետ սահմանում ռուսական զորքերի կենտրոնացման մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք զարմացած ենք Ուկրաինայի հետ սահմանին իբրեւ թե ռուսական զորքերի կենտրոնացման մասին նման հայտարարությունից: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ կենտրոնացման մասին է, այլ Ռուսաստանի Դաշնության սահմանների պահպանության միջոցառումների ուժեղացման, որոնք ձեռնարկվում են նախագահի անմիջական կարգադրությամբ» - ասել է Պեսկովը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա ընդգծել է, որ նախագահը նման հրաման է տվել մի քանի շաբաթ առաջ:
Պեսկովի խոսքով՝ սահմանին միջոցառումներ են ձեռնարկում «քանի որ զգալիորեն շատացել են սահմանի, այդ թվում նաեւ ռազմական տեխնիկայով խախտման դեպքերը»:
«Ինչ վերաբերվում է զինված ուժերի թվաքանակին, ապա այն պայմանավորված է սահմանի անվտանգության պատշաճ մակարդակում ապահովման անհրաժեշտությամբ», - նշել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՆԱՏՕ-ի քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական սահմանին ՌԴ զորքերի նոր կենտրոնացում է նկատվում:





























