Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 20-ին, չի ներկայացել տուժող կողմը: Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ Հակոբյանները չեն ներկայացել, քանի որ այսօր էդվարդ եւ էդգար Հակոբյանների մահվան օրն է, եւ խնդրել են դատաքննությունը շարունակել իրենց բացակայությամբ:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի ընկերների հետ դատարան է եկել նաեւ հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:




























