Բացի ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունից, առնվազն 10 ռուսական ծառայություններ կարող են սահմանափակել միգրանտների մուտքը երկիր: Այդ մասին այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը՝ մեկնաբանելով ռուսական նոր օրենքները: Նրա խոսքով՝ աշխատանքային միգրանտի կողմից միգրացիոն օրենսդրության խախտման դեպքում համապատասխան կառույցը կարող է արգելել մուտքը պետություն 3-5 տարով:

Նման իրավունքով է օժտված, օրինակ Անվտանգության դաշնային ծառայությունը կամ օտարերկրյա քաղաքացու կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ դրան հետեւող տուգանքի չվճարման դեպքում Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչությունը: Եգանյանը ուշադրություն է դարձրել նաեւ այն հանգամանքին, որ Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում, հատուկ ձեւաթուղթ լրացնելով, կարող են տեղեկանալ՝ թույլատրվա՞ծ է մուտք գործել այդ երկրի տարածք, թե՞ ոչ:

«Ցավոք, նման հնարավորություն է ընձեռում միայն Դաշնային միգրացիոն ծառայությունը, մնացած կառույցների տվյալների բազան ընդհանուր օգտագործման համար հասանելի չէ», - հավելեց Եգանյանը՝ հստակեցնելով, որ եթե Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով Ռուսաստան մուտք գործելու արգելք չկա, ապա դա դեռ չի նշանակում, որ այլ կառույցների բազայում նմանապես սահմանափակումներ չկան: