Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 18-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցությունները ցույց են տվել, Բաքուն հետայսու եւս մտադիր է խուսանավել Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ՝ բացահայտ նախընտրություն չարտահայտելով ուկրաինական ճգնաժամի հետեւանքով սրված կողմերից եւ ոչ մեկի նկատմամբ: Մոսկվայում, սակայն, հույս չունեն Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միության անդամերի թվում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Ռուսական դիվանագետները Ադրբեջանին համարում են «Անդրկովկասում եւ Կասպյան տարածաշրջանում կարեւոր ռազմավարական դաշնակից»: Երկկողմ համագործակցության կենտրոնում տնտեսությունն է: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 3.5 մլրդ դոլարը: ՌԴ-ում համոզված են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի արդյունավետ կարող էին լինել, եթե Բաքվում ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեին Մոսկվայի կողմից վերահսկվող ինտեգրացիոն նախագծի նկատմամբ: Առաջին անգամ, Բաքվին ԵՏՀ-ին միանալու մասին մտածելու առաջարկ էր արել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
Այդուհանդերձ, այդ գաղափարի իրականացումը (համենայնդեպս մոտ ապագայում) քիչ հավանական է:
Մոսկվան փորձում է Բաքվից աջակցություն ստանալ մի շարք այլ հարցերով եւս, առաջին հերթին ուկրաինական, սակայն ապարդյուն: Ադրբեջանը հստակ հասկացրել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք:





























