Հայկական պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստին կարեւոր էր Հայաստանի համար, քանի որ եթե մենք չմասնակցեինք, ադրբեջանցիները կօգտվեին առիթից եւ կսկսեին տարածաշրջանում առկա իրողությունները խեղաթյուրված ներկայացնել, հունիսի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, որը «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ մասնակցել է Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին:
Ըստ Նահապետյանի՝ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, սակայն այլ հարց է, որ ավելի լավ կլիներ՝ ԽՎ-ի նիստը չանցկացվեր մի երկրում, որտեղ բացակայում է ժողովրդավարությունը: «Շատ դժվար է մասնակցել Բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, քանի որ Ադրբեջանը ոչ մի հնարավորություն բաց չի թողնում՝ Հայաստանին ներկայացնելու որպես ագրեսոր: Միանշանակ է. նրանց հետ անհնար է երկխոսություն վարել, Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության», - ասել է պատգամավորը:
Անդրադառնալով ընդհանուր մթնոլորտին՝ Նահապետյանը նշել է, որ սեմինարը ընթացել է ադրբեջանցի մասնակիցների հակահայկական հիստերիային զուգահեռ: «Մենք ոչ միայն հակադրվում էինք ճնշմանը, այլ նաեւ ներկայացնում մեր դիրքորոշումը: Նրանք երկխոսությունը վերածել էին լարված քննարկման, եւ երկխոսությունը կառուցողական ուղով տանելու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Սեմինարի մյուս մասնակիցները դիտորդներ էին եւ չմիացան հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ ընթացող քննարկմանը»:





























