Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, հունիսի 18-ին, ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին եւ Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:
Զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծեց հայ եւ հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ եւ հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:
Դեսպանը շեշտեց, որ հայ եւ հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման եւ պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների եւ դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:
Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրեց, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման եւ կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:
Յուրի Կաններն իր խոսքում կարեւորեց ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման եւ դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը եւ թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, եւ ցեղասպանության երեւույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:
Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարեւորեց Ռուսաստանում հրեական եւ հայ համայնքային կառույցների միջեւ համագործակցության նոր ձեւաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:
«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրեց ցեղասպանության երեւույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:
Հանդիպմանն ընդգծվեց նաեւ, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաեւ այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին եւ փրկել կործանումից:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում Ռուսաստանի հայ եւ հրեա համայնքների միջեւ փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:





























