Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներում: Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի  մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչությունների, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու եւ նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:

Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաեւ ճամբարականներին մարզահագուստներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, ում  տեղերում ճանապարհել եւ ուրախ ժամանց ու բարի հանգիստ են մաղթել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Երկրորդ եւ երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի  եւս 425 –ական երեխա: