Եկեք բոլորս մի- մի դոլար հավաքենք եւ գնենք ավտոկայանատեղիները տնօրինող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության վաճառքի հանած բաժնետոմսերը, որ հետո վերացնենք կարմիր գծերը: Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողներ հետ զրույցում այսպիսի առաջարկություն արեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը:
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նախորդ տարի էլ հայտարարել էր, թե իրենց կատարած ներդրումների ծավալը կազմելու է 5 մլն դոլար, ու այս տարի էլ են պատրաստվում 5 մլն դոլար ներդնել։ Այդ հինգ միլիոնը տեսնեն ինչի՞ վրա է ծախսել, չինական ներկերի՞: Մենք ուզում ենք, որ ընդհանրապես վերացվեն այդ կարմիր գծերը»,- ասաց Արշակ Զաքարյանը
Նախաձեռնության անդամները՝ անդրադառնալով հունիս 10-ին իրենց կազմակերպված ավտոերթին, երբ ոստիկանները փակել էին իրենց ճանապարհը եւ11 հոգու բերման ենթարկել, ասացին, որ այս օրը ոստիկանները խախտել են բոլոր հնարավոր օրենքները:
«Ճանապարհային ոստիկանությունը իրենց պետի՝ Արշակյան Արսենի գլխավորությամբ, փակեցին մեր ճանապարհը եւ խցանեցին փողոցը: Մենք քարշակ չենք, ոչ էլ կռունկ, փակած ճանապարհից մեր մեքենաները հեռացնեինք: Իսկ երբ եկավ փոխոստիկանապետ Օսիպյանը ու հրամայեց, որ ակտիվիստներին տանեն, ոստիկանները սկսեցին գողանալ իրենց ճանաչած ակտիվիստներին: Դա բացահայտ հանցագործություն էր՝մարդու իրավուքնների խախտում»,- նշեց Արթուր Կրոյանը, ում իր մեքենայի հետ միասին հունիս 10-ին քարշակով տեղափոխել էին տուգանային հրապարակ:
Արթուր Կրոյանը պատմեց, որ իր մեքենան այդ օրը վեց ժամ պահել են տուգանային հրապարակում, առանց բացատրության. «Պայման էին դնում ՝դու պետք է առաջ ընթանաս ձախով՝ դեպի հետ, բայց ինձ պետք էր ուղիղ գնալ: Հետո քարշակով եւ դրոշով ինձ տարան փոսի գայի: Բացատրության չէին տալիս, թե երբ են բաց թողնելու: Երբ եկան մարդու իրավունքների պաշտպանները , նոր ինձ ազատ թողեցին եւ տուգանք գրեցին տասը հազար դրամի չափով: Ասացին, թե խոչընդոտել եմ երթեւեկությանը»:
Նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանն էլ ասաց, որ եթե ոստիկանությունը այդ կերպ փորձել է իրենց ճնշել, ապադա անհաջող փորձ էր:
«Պայքարը շարունակվելու է մինչեւ մեր բոլոր պահանջները կատարվեն, մենք ակցիաների բնույթը, ձեւը կփոխենք, որ չկարողանան ոստիկանները խոչընդոտել: Իրենք թեթեւակի կոսմետիկ փոփոխություններ են փորձում անել, բայց շարունակում են մարդկանց դեմ թակարդներ լարել»,-հայտարարեց Արմեն Միքայելյանը:
Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչեւ նոր կանոնակարգի հաստատվելը:





























