Հայաստանում հանրության մեծամասնությունը դեմ է կուտակային կենսաթոշակներին, հունիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։
Նա նշել է, որ քառյակը դեմ է օրինագծին եւ այդ բարեփոխմանը։ «Չէ՞ որ դուք տեսնում եք, որ հանրության 80%-ը դեմ է։ Պատգամավորների մեծամասնությունը եւս դեմ է. մեծամասնությունը՝ եթե չհաշվենք մեծամասնականով ընտրված պատգամավորներին։ Մեծ մասը դեմ է, ինչո՞ւ դրա հետ հաշվի չեք նստում»,- ասել է Օսկանյանը։
Նկատենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթարցմամբ ընդունվելուց հետո ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը իշխանական պատգամավորներին մեղադրել էին բացակա ընկերների փոխարեն քվեարկելու համար։ Օրինագիծն ընդունվել էր 67 կողմ ձայնով, սակայն, ըստ ընդդիմության, ՀՀԿ-ական ընդամենը 64 պատգամավոր կար դահլիճում։ Այնուամենայնիվ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության արդյունքներն անվավեր չի ճանաչել։




























