Ես կարող եմ համոզիչ ապացույցներ ներկայացնել. Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վերաբերյալ քվեարկել ենք առանց խախտումների: Այդ մասին, այսօր՝ հունիսի 21-ին, խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ի հակառակ ընդդիմության մեղադրանքների, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը չի քվեարկել պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արման Սահակյանի փոխարեն: «Ցույց եմ տալիս քվեարկության արդյունքները. Մուրադ Մուրադյան՝ չի քվեարկել, Արման Սահակյան՝ չի քվեարկել: Ում անհրրաժեշտ է, կարող եմ ներկայացնել այս արդյունքները: Առաջին հերթին՝ խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերին, այնուհետեւ՝ հասարակությանը»- հայտարարել է Շարմազանովը:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ուղղումների ընդունումից հետո, ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, իշխանության պատգամավորներին մեղադրեցին բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու մեջ: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, 131 պատգամավորից 67-ն են քվեարկել, սակայն ընդդիմության խոսքով, դահլիճում գտնվել է իշխող կուսակցության 64 պատգամավոր: Այնուամենայնիվ, խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը չեղյալ չի համարել քվեարկության արդյունքները: