Թեեւ Հայաստանի կառավարությունը հայտարարում է կրթության գերակայության մասին, գործադիր իշխանության քայլերը միանգամայն հակառակն են ցույց տալիս. կրթության ոլորտ ուղղորդված միջոցները տարեց տարի կրճատվում են: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Գիտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու խորհրդի «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ 2015թ. Հայաստանի ՀՆԱ-ում կրթության բաժինը կազմելու է 2.25%, այն դեպքում, երբ կրթության զարգացման պետական 2011-2015թթ. ծրագրով նախատեվում էր տրամադրել ՀՆԱ-ի 4%-ը: «Փաստացիորեն մեր մանկավարժների աշխատավարձը չի բարձրանալու, չնայած այն բանին, որ նախատեսվում է այն բարձրացնել 9%-ով: Եվ դեռ անհայտ է, դպրոցը որտեղից է վերցնելու այդ ֆինանսական միջոցները. Արդյո՞ք կառավարությունը կտրամադրի այդ միջոցները, թ՞ե ոչ: Սակայն եթե անգամ մանկավարժների աշխատավարձը բարձրանա 9%-ով, ինչը շատ ծիծաղելի է, ապա այն նույնիսկ դրանից հետո ցածր կլինի», - նշեց Անահիտ Բախշյանը: Նա պարզաբանեց, որ հունվարից հետո հանրապետության բոլոր դպրոցներում լրացուցիչ գործունեության համար դասղեկների տրամադրվող գումարը կամ հանվել է, կամ լավագույն դեպքում մեծ դպրոցներում թողնվել, ամբողջությամբ հանվել է գրավոր աշխատանքների ստուգման համար 10%-ի չափով լրացուցիչ վճարը:

Բացի այդ, նրա խոսքով՝ համաձայն կառավարության որոշման, հունվարի 14-ից դպրոցների վարչական եւ սպասարկող աշխատակազմի լուրջ կրճատումներ են տեղի ունեցել: «Կառավարությունը հաստատել է, որ որոշակի քանակությամբ աշակերտների դեպքում պետք է համապատասխան թվով հավաքարարներ աշխատեն: Դպրոցներում կրճատվել են հավաքարարների, պահակների, եւ նույնիսկ փոխտնօրենների թիվը: Պետք է նշել, որ հավաքարարների թիվը կրճատվել է անկախ մաքրմանը ենթակա տարածքի մակերեսից եւ Կառավարության տրամաբանությամբ, դուրս է գալիս, որ հավաքարարները «մաքրում են աշակերտներին», - վրդովված հայտարարեց Անահիտ Բախշյանը՝ միաժամանակ հիշեցնելով երկրի Կառավարությանը, որ հավաքարարը դպրոցի հատակն է մաքրում, որի մակերեսը փոփոխության ենթակա չէ»: