Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, Ադրբեջանից ապաստան խնդրած ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանն այժմ էլ պատրաստվում է դիմել Ադրբեջանի գրողների միությանը, որպեսզի անդամակցի այդ կառույցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյուբիկ Չիբուխչյանը:

«Մի քանի օր առաջ կարդացի, որ Գրողների միության Տավուշի մարզային կառույցի ղեկավարը պատրաստվում է նիստ հրավիրել եւ ինձ հանել իրենց միությունից: Ինձ միտումնավոր գրգռում են, որ ես ինքս իմ ձեռքով դուրս գամ: Եթե ես չանեմ, իրենք կանեն, դրա համար էլ արդեն նամակ եմ պատրաստել Ադրբեջանի գրողների միությանը, որ իրենց անդամ դառնամ: Ես չէի ուզում այդ քայլին գնալ, բայց դրդում են: Գրողը գրող է, ի՞նչ կապ ունի գրողը մնացած բաների հետ»,- ասաց նա:

Լյուբիկ Չիբուխչյանը համոզված է, որ Հայաստանը մեծ գրող կկորցնի, քանի որ իր նմանը երկրագնդի վրա չկա, սակայն այսօրվա իշխանությունները ստիպում են դիմել ամենատարբեր արարքների:

Նշենք, որ ըստ Տավուշի մարզպետի նախկին խորհրդականի՝ ինքը բազում գրքերի հեղինակ է, ստեղծել է մարտարվեստ, հատուկ մատիտներ, այբուբեն:

Հիշեցնենք, որ Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանն անձամբ է Լյուբիկ Չիբուխչյանին հայտնել, որ աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնի: Հունիսի 10-ին Չիբուխչյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ քաղաքական ապաստան խնդրելով:

Լուսանկարը՝ «Առավոտի»