Թուրքիայում վճռաբեկ 9-րդ դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըին, ով դեմ էր դուրս եկել իշխանությունների անօրինականություններին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ վճռաբեկ դատարանի որոշումից հետո բանտից դուրս եկած Հանեֆի Ավջըն փոքրիկ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ նշելով, թե իր դեմ իրականացրած անօրինակությունը անեւ ամբողջ հասարակության դեմ է իրականացվում։
Հանեֆի Ավջըն դատարանի կողմից «Հեղափոխական շտաբի կառույց» գործի շրջանակներում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Դատախազը նրա համար պահանջել էր 49 տարի 6 ամիս պատժաչափ՝ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ ահաբեկչական կառույցին օգնել», «հետաքննության գաղտնիությունը չպահպանելու», «ահաբեկչության դեմ պայքարող անձանց թիրախ ներկայացնելու» մեղադրանքներով։
Նշենք, որ նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըն «Նեղուցում ապրող Սիմոններ. երեկ պետություն, այսօր կրոնական համայնք» անունով գիրք էր հրատարակել, որի մեջ անդրադարձել է «Էրգենեկոն»-ի եւ «Մեծ մուրճ»-ի դատավարություններին, Հրանտ Դինքի սպանությանը, Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական միության անդամների գործունեությանը ոստիկանական համակարգում, ամիսներ առաջ սեռական տեսագրության պատճառով հրաժարական տված Դենիզ Բայկալի հայտնի տեսագրությանը եւ գաղտնի ձայնագրությունների միջոցով թուրք գեներալներին հրաժարականի դրդած դեպքերին:




























