Խորհրդարանի արտահերթ նիստն ավարտվեց։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այն բանից հետո, երբ պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները եւ մոտ երկու տասնյակ այլ օրինագծեր, այդ թվում՝ KfW բանկից 30 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը։

Մյուս արտահերթ նիստին նախատեսվում է երրորդ ընթերցմամբ ընդունել մի շարք օրինագծեր: Նոր նիստի անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ երկու օր առաջ՝ արտահերթ նիստի մեկնարկին, ոչ իշխանական ուժերի քառյակը խափանել էր երրորդ ընթերցմամբ մի շարք օրինագծեր արագացված ռեժիմով ընդունելու որոշումը: Այդ որոշման  կրկնակի քվեարկությունը,  հետո նաեւ օրինագծերի   քվեարկությունները պետք է տեղի ունենան այսօր: