Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 22-ին մեծ շուքով նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետությամբ Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ Պատարագ:
Արարողությանը մասնակցել են Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եւ Միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած Հայաստանի եւ Սփյուռքի թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբաններ ու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ:
Տոնի առիթով Ս.Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ եւ բազմաթիվ հայորդիներ:
Արարողության ավարտին պատարագիչ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անդրադարձել է հայ մարդու կյանքում Ս.Էջմիածնի խորհրդին եւ նշանակությանը:
Իսկ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայրապետական մաղթանք է կատարվել` ի շինություն եւ ի բարեզարդություն Մայր Աթոռ Ս.Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա հովվապետության համար:





























