Երեւանի Գյուլբենկյան փողոցում այս գիշեր հնչած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա Արսեն Չ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռեւս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի եւ ցուցամատի վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ եւ չկրակված 1 փամփուշտ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 113 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում ժամը 01:00-ի սահմաններում հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը հնչել են կրակոցներ, երկու երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից հայտնել են, որ երիտասարդների վիճակը ծանր է:

Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ երիտասարդներից մեկը 30-35 տարեկան է, դեպքի վայրում եղել է նշանածի հետ: