«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի մոտ զենք չի եղել, նրանք չեն կրակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե դեպքի պահին հնչած 13 կրակոցներից միայն 8-ն է եղել Գոռ Առաքելյանի կողմից:
«Իմ տեղեկություններով՝ Վալերիի մոտ զենք չի եղել, նա չի կրակել, Ներսեսը նույնպես: Այս պահին կարեւորն է այն է, որ Վալերին ապաքինվի եւ բոլոր հարցերի պատասխանը կտա»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Վալերի Հովհաննիսյանի մոտ բարդություններ են առաջացել, հունիսի 20-ին բժշկական միջամտություն է արվել, այս պահին դեռ ստացիոնար բուժման կարիք ունի: Հարցին՝ արդյոք Վալերի Հովհաննիսյանի կարգավի-ակը փոխվել է՝ Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Չի փոխվել, Վալերին դեռ տուժող էլ չի ճանաչվել»:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























