Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին հաղթելուց հետո Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, անբացատրելի ոգեւորություն:
«Խաղը կայծակնային պարտիա էր, բլից, 3-4 րոպե է տեւել: Այնքան ոգեւորված եմ, շատ տպավորված եմ, անբացատրելի ոգեւորություն ունեմ: Հաղթանակի գլխապտույտի մեջ եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հունիսի 22-ին Կարլսենին հաղթած ՀՀԿ-ական պատգամավորը:
Տաճատ Վարդապետյանը շախմատ խաղում է դեռ մանկուց, սակայն միակ լուրջ հաջողությունը գրանցվել է 1983թ.-ին, երբ Վրաստանի առաջնությանը պատգամավորը գրավել է 2-րդ տեղը:
«Շախմատի ոլորտում մեծ նվաճումներ չեմ ունեցել, բայց սիրողական մակարդակով խաղում եմ խորհրդարանում պատգամավորների հետ՝ Սամվել Ֆարմանյան, Լյովա Խաչատրյանը, Ալիկ Պետրոսյան, շախմատային շրջանակ ունենք: Իսկ Մագնուս Կարլսենի հետ խաղալն ինձ համար մեծ պատիվ էր, սակայն այժմ՝ նրան հաղթելուց հետո, դժվարությամբ կհամաձայնվեմ ուրիշների հետ խաղալ, իհարկե սա կատակ է»,- ավելացրեց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ական պատգամավորը չէր ցանկանա հաղթել Լեւոն Արոնյանին՝ պատասխանեց. «Այս հաղթանակից Մագնուս Կարլսենը պետք է հետեւություն անի, որ շախմատի թագը պետք է հանձնել հայ շախմատիստի՝ Լեւոն Արոնյանին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 22-ից Հայաստանում է գտնվում շախմատի աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը: Առաջին օրը Կարլսենն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, իսկ հետո Գաֆեսճյան կենտրոնում կայծակնային շախմատի սեանս անցկացրել IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միակ պարտությունը նորվեգացի գրոսմայստերը կրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանից: Մագնուս Կարլսենը Հայաստանում կլինի մինչեւ հունիսի 24-ը:





























